Ածղուրիում այժմ Մարտինենկոների մոտ 70 ընտանիք է ապրում, սակայն մինչ գյուղում հաստատվելը նրանք չորս անգամ ստիպված են եղել բնակվել տարբեր վայրերում: Առաջին անգամ 1853 թվականին, երբ Ուկրաինայից Վրաստան տեղափոխվեց 400 ընտանիք, այդ թվում՝ Մարտինենկոները։ Նրանք կես դար ապրել են փոքրիկ Ծաղվերի ավանում, ապա տեղափոխվել Սլեսա գյուղ:
Ախալցիխե տանող ճանապարհին, Ածղուրիից հինգ կիլոմետր հեռավորության վրա, Մտկվարի գետի ափին երևում է փլատակների վերածված բերդը: Ժամանակին այնտեղ պատմական գյուղ Սլեսան էր։ Տեղացիներն այն անվանում են Մոքցևի։ Հենց այստեղ են Մարտինենկոները՝ 20-րդ դարի սկզբին, նոր կյանք սկսել։
Նրանց ժառանգներից Կոնստանտին Մարտինենկոն մեզ ուղեկցում է գյուղում։ «Պատմություններով գիտեմ և պատմական աղբյուրներում էլ է այդպես, որ իմ նախնիներին Ուկրաինայում Ցարական Ռուսաստանը հալածում էր: Այդ հալածանքների մասն էր կազմում նաև նրանց այստեղ վերաբնակեցումը։ Այս գյուղում Ծաղվերիից վերաբնակեցված երեսուն տնտեսություն էր ապրում՝ ազգությամբ Մարտինենկոներ։ Ես միշտ հատուկ զգացողություն ունեմ, երբ գալիս եմ այստեղ»:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մոքցևին ամբողջությամբ ավերվել է։ Ավերակներն այժմ ծածկված են ձյունով։ Տներից ոչ մեկն ամբողջությամբ պահպանված չէ, ամեն տնից մեկ-երկու պատ է մնացել կանգուն։ Ժամանակի ընթացքում պահպանվել է նաև հին եկեղեցու խորանը, որի վրա պահպանված մոմերի հետքերը վկայում են այն մասին, որ Մոքցևիի բնակիչները չեն մոռացել այդ վայրը։ Տարին երկու անգամ Մարտինենկոները Գիորգոբան նշում են հին աղոթատեղիում։
Մարտինենկոներին երրորդ անգամ վերաբնակեցրել են խորհրդային իշխանությունները։ Կոնստանտինը հստակ չգիտի դրա պատճառը։ Գիտի միայն երկու վարկածները, որոնք լսել է Ածղուրիում ապրող տատիկից ու պապիկից։ Ըստ առաջին վարկածի գյուղում եղել է սողանքի վտանգ և խորհրդային կառավարությունը տարհանել է բնակչությանը, իսկ մյուսի համաձայն՝ ռեժիմը շարունակել է հալածել ուկրաինացիներին։
Կոնստանտին Մարտինենկոյի նախնիները, ընտանեկան ալբոմ։ Լուսանկարը © Նինո Բաիդաուրի / Mtisambebi.ge
Կոնստանտինի պապը՝ Նիկո Մարտինենկոն, Մոքցևիից է գնացել առաջնագիծ, սակայն պատերազմից վերադառնալուց նա ոչ իր գյուղն է տեսել, ոչ էլ տունը։ Այդ ընթացքում նրա ընտանիքը վերաբնակեցվել էր Սխվիլիս գյուղ, որտեղից էլ Մարտինենկոները արդեն չորրորդ անգամ են տեղահանվել և բնակություն հաստատել Ածղուրիում։ Պատերազմից վերադարձած Նիկոն հենց այնտեղ է ամուսնացել և սկսել կառուցել այն տունը, որտեղ այժմ ապրում է Կոնստանտինը։
«Աշխատասեր մարդիկ են եղել, լավ են իմացել փայտ մշակել, ժառանգները շարունակել են նրանց գործը։ Նախնիների կառուցած փայտե տները պահպանվել են մինչ օրս։ Այնպես են կառուցել, որ վերաբնակեցման դեպքում քանդեին և տանեին իրենց հետ», - պատմում է Կոնստանտինը՝ ցույց տալով բակում կառուցված փայտե տունը, որը Մարտինենկոները Մոքցևիից են բերել՝ որպես իրենց ազգի պատմության վկա։
«Մենք գիտենք, որ ուկրաինացիներ ենք, բայց արդեն վրացի ենք՝ ուկրաինական ազգանուններով։ Առ այսօր հպարտանում ենք այն փաստով, որ մեր նախնիները չեն հետապնդել ռուսական շահերը Սամցխե-Ջավախեթիում»։
Կոնստանտին Մարտինենկոն պատմություն է դասավանդում Ածղուրիի դպրոցում և հպարտ է, որ այսօր ուկրաինացիներն այդպես դիմադրում են ռուսական ագրեսիային։
Ածղուրիի ամբուլատորիան մարդաշատ է։ Կոնստանտինն իր համագյուղացիների հետ արյուն է հանձնում Ուկրաինա ուղարկելու համար. «Իմ երկու հայրենիքն էլ մեկ բախտի է արժանացել և կարծում եմ, որ այն պաշտպանելու համար մենք բոլորս պետք է տանք մեր բաժին արյունը»։
Արյուն նվիրաբերել ցանկացողները շատ են, այդ թվում՝ դպրոցի ուսուցիչ Էկա Գելաձեն,- «Ինձ համար կրկնակի ցավալի է այն, ինչ կատարվում է Ուկրաինայում։ Ես երեք երեխա եմ մեծացրել՝ երեք Մարտինենկո, ուկրաինացիների ժառանգներ։ Հորեղբայրս Ուկրաինայում է, ում հետ չեմ կարողանում կապ հաստատել։ Հիմա միակ բանը, որ կարող եմ անել՝ արյան հանձնումն է։
Ամբուլատորիայի բակում հանդիպում ենք նաև այլ Մարտինենկոների։ Նրանցից շատերը երբեք չեն եղել Ուկրաինայում։ Այնտեղ նույնիսկ ազգականներ չունեն, որոնց հետ կարող էին կապ պահպանել։ 71-ամյա Ռամին Մարտինենկոն պատմում է, որ տարիներ առաջ՝ երիտասարդ տարիներին, փորձել է իր արմատները գտնել Ուկրաինայում։
«Ուսանողական տարիներին մի քանի անգամ եղել եմ Ուկրաինայում և ուսումնասիրել եմ մեր ծագումը։ Ցավոք սրտի, ոչինչ չկարողացա գտնել, պատմական աղբյուրներն էլ շատ չէին, ուստի դժվար էր։ Հետո 80-ականներին, երբ եկա Վրաստան, ծանոթացա Կիևից երկու երիտասարդի հետ։ Նրանց խնդրեցի, որ փնտրեն մեր ազգանվան ծագման պատմությունը։ Պարզվեց, որ Չերնիգորի շրջանում եղել է գյուղ Մարտինյուկ, որտեղ ապրել են մեր ազգականները։ Հիմա այդ գյուղը գրեթե դատարկ է։ Տեղացիներն ասել են, որ այս ընտանիքի հետնորդներից մեկը գնացել է Կովկաս, և գուցե նրանք մեր նախնիներն են»։
Պոլտավացի կազակները Բորջոմիում։ Լուսանկարը Բորիս Սինյուկի գրքից։
Արյան դոնորության ակցիան կազմակերպել է ուկրաինական համայնքի «Դնեպր» բարեգործական միությունը։ Այս հիմնադրամի նախագահը գիտությունների դոկտոր, ուկրաինա-վրացական հարաբերությունների հետազոտող Բորիս Սինյուկին է, ով Վրաստանում ուկրաինացիների բնակեցման պատմությունը նկարագրող գիրք է հրատարակել։ Բորիսը մշակել է տարիների ընթացքում տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունը, ուսումնասիրել Բորջոմիի երկրագիտական թանգարանում պահվող գրառումները և հենց ուկրաինացիների հուշերը։
Բորիսը նույնպես համոզված է, որ ուկրաինացիներին Բորջոմիում բնակեցնելով՝ Ցարական Ռուսաստանը ցանկացել է հովիտը ռուսացնել։
Կայսրության հիմնական շահն այն ժամանակ Թուրքիայի հետ սահմանի ամրապնդումն էր։ Տարածաշրջանից Թուրքիայի վտարումից հետո՝ 1829 թվականին, Սամցխե-Ջավախեթին լրիվությամբ անցավ Ռուսական կայսրության լիակատար վերահսկողության տակ։ Այս ընթացքում ռուսները սկսեցին շահագործել Բորջոմիի հանքային ջուրը։ Ռուսական կայսրության համար հովիտը կամաց-կամաց վերածվում էր հանգստավայրի։ Փոխարքա Վորոնցովը հատուկ հետաքրքրություն էր հայտնել Բորջոմիի նկատմամբ և այն դարձրել իր ամառային նստավայրը։
1852 թվականին կայսրությունը հիմնել է Բորջոմիի գանձարանը և որոշել՝ բանվորներ բերել Ուկրաինայից։ Այն ժամանակ Ռուսաստանը ուկրաինացիների հասցեին նվաստացուցիչ «մալոռուս» (փոքր ռուսներ) անունն էր օգտագործում և ճնշում էր ցանկացած ազգային շարժում։
«Այս օրերին Բորջոմիի հովիտ պետք է ժամանեն մալոռուսները։ Անդրկովկասում նրանց հաստատումը մեծ նշանակություն ունի․․․»
«Բորջոմի կալվածքի այն տարածքներում, որոնք հատկացված են վերաբնակեցման համար, դուք կտեսնեք Լազաշվիլիների և Շաբուրների ընտանիքներին, որոնք պատկանում են Ավալովներին և որոնք տեղի ոստիկանության և Գ.Վոդնինսկու աջակցությամբ պետք է տեղափոխվեն Բորժոմիից։ Բացի այդ վերաբնակեցման համար հատկացված տարածքում ապրում է նաև 8 օսական ընտանիք, անհրաժեշտ է նրանց առանձին բնակեցնել կամ բնակեցնել մալոռուսների գյուղում», - գրում էր փոխարքա Վորոնցովը 1853 թվականի հուլիսի 25-ին Թբիլիսիի նահանգի դատախազությանը։
Ուկրաինայից Վրաստան ճանապարհը երկար ու դժվար է անցել։ Խաչի լեռնանցքը երեխաների ու ծերերի հետ, երբեմն ոտքով, երբեմն ձիերով ու եզներով են անցել։ Նպատակակետում, որտեղ ցարական Ռուսաստանը վերաբնակներին խոստացել էր ապրելու և աշխատանքային լավ միջավայր, մարդիկ տեսել են լրիվ այլ պատկեր։ Նրանցից շատերը չեն դիմացել ճանապարհին, իսկ շատերը՝ օտար երկրում ապրելուն։
«Վերաբնակների վիճակն անմխիթար է, նրանցից շատերը ժամանակավոր ապրում են հողե տներում։ Ավելի քան 150 մարդ հիվանդ է, մեծ մասը՝ վատ սնվելու պատճառով։ 100 առողջ մարդ Թբիլիսիի ռազմական նահանգապետ Անդրոնիկովի հետ համաձայնությամբ ուղարկվել է Թբիլիսի և Գորի՝ աշխատանք գտնելու համար»,- գրում է Բորջոմիի կալվածքի գանձապահ լեյտենանտը 1953 թվականի նոյեմբերի 17-ին Պետական գույքի ղեկավարին՝ խնդրելով զենք տրամադրել նորաբնակներին ավազակներից ու գազաններից պաշտպանվելու համար։
Վրացի-ուկրաինացիների հետ է կապված տարածաշրջանում փայտամշակման նոր գիտելիքների ներդրումը։ Նրանց է վերագրվում նաև կարտոֆիլագործության զարգացումը։ Այսօր Սամցխե-Ջավախեթիում ապրում է մոտ տասը ուկրաինական ընտանիք՝ Շևչենկո, Պաշչենկո, Ռիբակոն, Չուբկո, Դուգարով, Նագոգա, Խազիլով, Ուստիմենկո, Մարտինենկո, Գավա, Բանդուրի։
«Ուկրաիներեն ընդամենը մի քանի բառ գիտենք։ Ոչ էլ սովորելու պայմաններ ենք ունեցել։ Վրաստանում վրացերեն ենք սովորել և մեր լեզուն, մեր ազգությունն էլ հիմա վրացական է»,- մեզ հետ զրույցում ասում են Ածղուրիի ուկրաինացիները։ Նրանք շատ բան են կորցրել, բայց պահպանել են իրենց ազգանունները և հպարտանում են դրանով։ Նրանք հպարտանում են իրենց ծագմամբ և այն ուկրաինացիներով, որոնք այսօր պայքարում են իրենց հողը պաշտպանելու համար։ Հավատում են, որ պատմությունը չպետք է մոռացվի, քանի որ այսօր տեղի ունեցածը նույնպես դա է թելադրում՝ այսօր նրանց պատմական հայրենիքը այն նույն պատմանակ թշնամու դեմ է պայքարում, որը ժամանակին նրանց ստիպեց լքել Ուկրաինան։
Հեղինակ՝ Ռոբի Զարիձե